Այս օրերին Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանները ներկայանում են «Առականի» առցանց նախագծով` միավորելով հումորն ու իմաստությունը, խաղը և կյանքը: «Առականուն» հաջորդելու է համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանի նոր նախագիծը: Թատերական կյանքում սպասվող փոփոխությունների, ժամանակի մարտահրավերների, կենդանի շփման պակասի ու դրա վտանգների, ինչպես նաև վերոնշյալ նախագծի մասին զրուցել ենք ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
-Ի՞նչ եք անում արտակարգ դրության օրերին, տրամադրությունն ինչպիսի՞ն է:
-Տանն եմ՝ ընտանիքիս հետ, բայց ճնշող է, ինչ խոսք, ազատությունից թեկուզ մի քիչ զրկվելը, հաճելի չէ:
-Այնուամենայնիվ, կապը «հանդիսատեսի» հետ պահպանվում է: Մշակութային տարատեսակ առցանց միջոցառումներ են կյանքի կոչվում: Ի՞նչ կասեք սպասվող նախագծի մասին:
-«22 փրոդաքշնի» և Համազգային թատրոնի համագործակության արդյունքում նոր հետաքրքիր ձևաչափ ունեցող նախագծով ենք ներկայանալու: Ակնկալում ենք ԿԳՄՍ նախարարության օժանդակությունը: Ընտրել ենք գրական գործ, դերաբաշխում է արվել: Առաջարկել եմ, որ դերասաններից ամեն մեկն ինքն իրեն նկարահանի տվյալ տեսարանում: Տեսանյութերն ուղարկելու են ինձ, մոնտաժելու եմ, որ ստացվի ամբողջական նյութ: Առաջին անգամ է նման մտահղացում կյանքի կոչվում, նաև դրանով է այն թանկ ինձ համար:
-Նախագծի բուն նպատակը ո՞րն է:
-Անգործ չմնալ, աշխատել և այնպիսի բան անել, որ հետաքրքիր լինի ոչ միայն ինձ, այլև մեր դերասանների համար: Հնարավորություն է ընձեռվում տանն ինքնուրույն ստեղծագործելու, այս դեպքում՝ և՛ որպես դերասան, և՛ ռեժիսոր, և՛ օպերատոր, և՛ դիմահարդար: Ես դերասաններին հուշում եմ, որ սա նաև անկեղծանալու հնարավորություն է. երբ ոչ ոք չկա, մենակ դու ես, ինչպե՞ս կխաղաս, ի՞նչ մոտեցում կունենաս: Տեսնենք ինչ կստացվի:
-Ասել է թե՝ ինքդ քե՞զ ես խաղում:
-Այո, բայց կան գրական հիմք և կոնկրետ դերակատարումներ: Ներկայացվելու է Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վիպակը, որտեղ պատմություններ են մոր մասին, հոր, հորաքրոջ և այլն: Ըստ այդմ էլ՝ դերաբաշխում ենք արել, և այն, ինչ ընթերցվելու է, պետք է խաղան, նկարահանեն: Դա կինո չէ, գուցե նոր ժանրի նախատիպ է, հետաքրքիր մտահղացում, որ ծնվել է մեկուսացումից:
-Ե՞րբ հանդիսատեսին կներկայացվի նախագիծը:
-Մինչև «Առականին» ավարտվի, հավանաբար այս նախագիծը պատրաստ կլինի: Նախատեսվում է հեռարձակել եկող ամսվա սկզբին: Իրավիճակը, որում մենք ապրում ենք, նոր պահանջներ է թելադրում, առաջին հերթին՝ արագություն, ռիթմ:
-Ի՞նչ եք կարծում, այն, ինչ արվում է այս օրերին, շարունակություն կունենա՞, թե՞ ընկալելի ու հետաքրքիր կլինի մեկուսացման օրերին:
-Նույնիսկ եթե միայն այս ընթացքում հաճելի դարձնենք մարդկանց օրը, կարող ենք ասել, որ նախագիծը ծառայել է իր նպատակին: Բայց, իհարկե, փորձում ենք այնպիսի բան ստեղծել, որ հետո էլ կյանք ունենա: Ի վերջո, համավարակն ու դրանով պայմանավորված այս մեկուսացումը եթե շուտ էլ վերջանան, դեռ երկար հիշվելու են:
-Գրական գործերն ու իրականությունը փոխկապակցված են, եթե չասենք՝ ծնվում են մեկը մյուսից: ՈՒրեմն, հավանաբար, կլինեն գործեր (նախկինում գրված), որոնցում կարող ենք տեսնել այս օրերը:
-Ընդհանրապես շատ հետաքրքիր պատահականություններ են լինում, որոնց չես կարող նայել ուղղակի որպես պատահականության: Ինքս ամեն ինչի մեջ կապ եմ տեսնում, ինչ-որ սցենար եմ գտնում: Դասական գործերը, այո, հենց դրանով են առանձնանում, որ բոլոր ժամանակների համար են: Հենց այս գործի մեջ կան հատվածներ, որ կարելի է այսօրվան վերագրել: Կադրերը կլինեն այսօրվա մասին, բայց գրական գործը չենք շեղի, կարդալու ենք, ինչ որ գրվել է: Այդ նմանությունը հանդիսատեսն էլ կտեսնի:
-Թատրոնը զրկված է ամենակարևոր բաղադրիչից՝ կենդանի շփումից: Համացանցով ներկայանալու հնարավորությունն ի՞նչ վտանգներ ունի: Ի վերջո, երբ այս մղձավանջն անցնի, մարդիկ կարող են չհետաքրքվել արդեն տեսած (առցանց) ներկայացումներով:
-Կենդանի շփման կարիքը լինելու է: Այստեղ ուրիշ խնդիրներ եմ տեսնում: Հաճախ համացանցային իրականությունը խիստ տարբեր է դրսի մեր ապրած կյանքի իրականությունից: Հիմա մարդիկ զրկված են իրական իրականությունից, այսինքն՝ ամբողջովին կախված են համացանցի տեղեկատվությունից, առժամանակ զրկված տնից դուրս գալու, ճիշտն ու սխալը, իրադարձությունների տրամաբանությունը զատելու հնարավորութունից: Ինչ վերաբերում է թատրոն-հանդիսատես կապին, իրական շփմանը, դրա կարիքն այնքա՜ն շատ է, թատերասերները կարոտել են ներկայացումներին: Մենք միայն Սոս Սարգսյանի 90-ամյակին նվիրված համերգ-ներկայացման տեսագրությունն ենք համացանցով ներկայացրել: Պատրաստ ենք աշխատելու, նոր ձևաչափեր գտնելու, բայց համացանցում չտեղադրելու մեր բեմադրությունները: Հարցն այն չէ, որ հետո մարդիկ չեն ուզենա նորից տեսնել արդեն տեսածը, պարզապես տեսագրած ներկայացումը չունի այն ազդեցությունը, որ կենդանի դիտումն է տալիս:
-Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր դադարի կարիք: Գուցե սա առի՞թ է՝ ամեն ինչ նորից ու նորովի սկսելու:
-Հուսանք, որ դադարը այդպես կանդրադառնա, բայց չէի ասի, թե դրա կարիքը ունեինք: Սա պարտադրված հանգիստ է, մենք կգերադասեինք աշխատել:
-Կայի՞ն ծրագրեր, որ կիսատ մնացին համավարակի պատճառով:
- Վուդի Ալենի «Ճախրող լամպերն» էինք բեմադրում: Արդեն պատրաստ էր: Սիրում էի այդ ներկայացումը և սպասում առաջնախաղին: Բավականին հետաքրքիր գործ էր: Դեռ կվերադառնանք դրան:
-Վերանայվելու՞ են բեմադրությունները: Ի վերջո, փոխվել են մարդկանց պահանջները, հետաքրքրությունները:
-Դե, ինչպես մարդիկ են փոխվել, այդպես էլ մեր դերասաններն ու ռեժիսորները: Բոլորը նույն ազդեցության տակ են: Բայց ինչքան էլ խոսում են փոփոխություններից, մարդկանց կյանքի ու գործունեության հիմնական սկզբունքներն անփոփոխ են:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ